Վարդենիսի Էդ.Պողոսյանի անվան N 2 հիմնական դպրոց

Կյանք տվեցին հանուն կյանքի…

Օրերս ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի Էդ.Պողոսյանի անվան N 2 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ում կայացավ համադպրոցական միջոցառում ՝ նվիրված Հայոց բանակի 25-ամյակին:Ձեռնարկի հեղինակները դպրոցի երիտասարդ պատմաբաններն էին:
Սրահում ,որտեղ անցկացվեց միջոցառումը, տիրում էր ուրախ տրամադրություն, ամենուրեք գույներ էին՝ զարդարուն փուչիկներ, եռագույն ժապավեններ, տոնական պաստառներ, վահանակներ:
Միջոցառումը սկսվեց բանակի և ազգային օրհներգներով:
Մասնակից աշակերտները հանդես եկան գեղեցիկ բեմելով՝ հանդիսատեսին հրամցնելով իրենց արտահայտիչ ասմունքը,հուզական երգերը, խրոխտ,ոգևորող պարերը:Նրանք շատ տեղին մեջբերումներ էին անում ազգային պատմության այն դրվագներից, որտեղ երևում են հայոց աննկուն ոգին, հաղթական կամքը ,,պատերազ չսիրելու,բայց խելահեղորեն պայքարել կարողանալու՛՛ բնավորությունը:
Միջոցառման ընթացքում հիշվեցին Բաքվի և Սումգայիթի կորուստները,մեծ ցավով և խորին ակնածանքով հնչեցին առաջին զոհված կամավորների անունները, որոնց շնորհիվ էլ հայկական բանակի ստեղծման առաջին քայլերն արվեցին:
Եղավ խոնարհում-ոգեկոչումի պահ՝ նվիրված Ապրիլյան քառօրյայի օրերին զոհված զինվորներին,որն ընկալվեց որպես յուրօրինակ հոգեհանգստի արարողություն:Սովորողներն իրենց՝ գեղարվեստասերին բնորոշ տիպական խոսքով տվեցին հայ զինվորի պայծառ նկարագիրը՝արի սիրտ,մորը և հայրենիքին փարող արեգակ աչքեր,վահան ձեռքեր,խրոխտ,անընկճելի թիկունք ու ոգի,ահա հայ զինվորի կերպարը:
Շատ հուզիչ էր,երբ երիտասարդ հորը կորցրած 9-րդ դասարանի աշակերտ Կարեն Սաղաթելյանը խորհրդանշական կերպով կարդաց ,, Զինվորի երդումը՛՛,որը հաստատվեց մասնակից աշակերտների համախմբված միահամուռ երդումով-ուխտով:
Վերջում առ Աստված հնչեց միասնական աղոթք՝որպես հայի արդար պայքարի հույս-սպասումների և ազնիվ հաղթանակի սուրբ հավատամք:
Հրաժեշտից առաջ սովորողների ձեռքով պատրաստված խաղաղության ճերմակ աղավնիներն էլ ազդարարեցին միջոցառման ողջ խորհուրդը՝ Կյանք տվեցին հանուն խաղաղ կյանքի:

 

Դպրոցի փոխտնօրեն՝ Նոնա Վարդանյան