Վարդենիսի Էդ.Պողոսյանի անվան N 2 հիմնական դպրոց

Archive for Հունվարի, 2017

ՍՈՒՐԲ ԼԻՆԻ ԱՆՈՒՆԸ ՔՈ

Հաղթանակն էլ է մերը, ցավն էլ: Մեկը համընդհանուր բերկրանք է պատճառում,մյուսը՝ համընդհանուր ցավ: Արցախի ազատագրության շարժման, մեր հայրենիքի անկախության և կայացման , սահմանների պաշտպանության սուրբ գործում որքան հերոսներ տվեցինք, որքան զոհեր տվեցինք: Միայն Վարդենիսի տարածաշրջանն ազատություն ու հաղթանակ կրող շուրջ հիսուն անմոռաց նահատակներ, որոնք դարձան հայրենիքի նվիրվածության մի-մի վառ օրինակ:Նրանցից մեկն էլ Վարդենիս քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցի շրջանավարտ Էդվարդ Պողոսյանն է, որ հրազատ դպրոց է վերադարձել հերոսացած ու սրբացած :
1994 թվականն էր ,ձմռանը:Օդը սառն էր, չարակամ մարդու սրտի պես, չհանդուրժող ու մահաբեր, ինչպես թշնամին: Հակառակորդը Քելբաջարի կողմից հասել էր Վարդենիսի սահմանները: Թիկունքում հայրենիքն էր, հարազատ քաղաքը,հարազատները: Իսկ թշնամին ընդհուպ մոտեցել էր Սոթք գյուղին:Նահանջե՞լ :Երբեք:Նահանջը հավասարազոր էր պարտության: Դա քաջ գիտակցում էին ոչ միայն սահմանների պաշտպանները , այլև մինչև ատամները զիված հակառակորդը :Եվ մեր տղերքը , որ թվով քիչ էին, կարող էին ետ քաշվել,դիրքն ու տեղանքը փոխել, խուճապի չմատնվեցին: Բայց այդպիսի հրաման չկար ու չէր էլ կարող լինել: Հրաման ստանալու ժամանակ էլ չկար: Յուրաքանչյուր րոպե թանկ էր , օրհասական ու բախտորոշ:Նման պայմաններում հաղթում է նա, ով կամքով արի է ու հայրենասեր: Եվ մեր տղերքից յուրաքանչյուրը կռվում էր տասի, քսանի փոխարեն:Վերջիվերջո ահաբեկված , թվով անհամեմատ գերազանցող թշնամին, ինքը, խուճապի մատնվելով ու զոհեր տալով, սկսեց նահանջել:
Ինչպես իր մարտական ընկերները,Էդվարդը կռվում էր քաջաբար, որպես իսկական հերոս,որ կրծքի տակ կրում էր ավելի շատ հայրենիքի սերն ու ցավը, քան թշնամու դեմ տածած ատելությունը: Զինակիցները հետո կպատմեն,որ Էդվարդն իր սառնասրտությամբ ու քաջագործություններով ոգևորում էր իրենց, անվախ էր ու քաջ , ինչպես կռվում քաջ ու անվախ են եղել պապն ու հորեղբայրը՝ Սահակ և Գարսևան Պողոսյանները:Նա իր հմուտ, խելացի և հաշվենկատ գործողություններով անսպասելի անակնկալներ էր մատուցում թշնամուն՝ ոգեկոչելով նախնյաց փառահեղ ավանդները:
Սահմանը մնաց անձեռնմխելի:Երբ վտանգը ,կարծես,արդեն վերացել էր , մի մոլորված գնդակ կպավ ճակատին, և Էդվարդը ընկավ հնձված ,ճկուն ու մատղաշ հասկի ցողունի պես: Ճերմակ ձյան վրա հեղված արյունը կարմիր ձեռագրով պատմում էր, որ Էդվարդ Պողոսյանը ,զոհաբերելով իր կանաչ կյանքը,հետագայում դասվելու է հայրենիքի ազատության համար հավերժ իրենց գլուխը դրած սուրբ հերոսների թվին:
Վարդենիսի թիվ 2 միջնակարգ դպրոցն արդեն իսկ կրում է իր երեկվա սան քաջարի Էդվարդ Պողոսյանի անունը: Անուն , որով կոչվելը մեծագույն շնորհ ու պատիվ է դպրոցի, ընդհանրապես նրա յուրաքնչյուր ուսուցչի ու աշակերտի,մասնավորապես մխիթարանք ու հպարտություն Էդվարդի ուսուցչուհիներից մեկի՝ մոր՝ Սիրուն Խլոյանի համար: Կրթօջախի կենտրոնական սրահում կա մի մեծ վահանակ,որի նյութերը պատմում են Էդ.Պողոսյանի կարճատև ,բայց սխրալից կյանքի մասին:Վահանակի մոտ դասարաններով լուսանկարվելը դարձել է պատիվ, պահանջ ու սովորույթ: Օրերս մանկխորհուրդը ՝տնօրեն Աշոտ Բարսեղյանի ղեկավարությամբ ,քննարկեց Էդ.Պողոսյանի հերոսացման տարելիցին նվիրված անցկացվելիք միջոցառումների պլանը:Ստեղծվեց հինգ հոգուց բաղկացած հանձնաժողով,որը կղեկավարի և կհամակարգի մեծարման արարողությունները: Ներկայումս անց է կացվում դասարանական պատի թերթերի լուսընծայման տասնօրյակ՝ նվիրված Էդ.Պողոսյանին: Խրախուսվելու են լավագույն պատի թերթերը: Ի դեպ,մի շարք դասարանների պատի թերթերն ուշադրություն են գրավում իրենց հարուստ ու բովանդակալից հրապարակումներով , ոգեշնչող ու հուզաթաթավ խորագրերով:Հիշողությանս մեջ երկար կմնա դրանցից մեկը՝ ,,Սուրբ լինի անունը քո՛՛:
Նոնա Վարդանյան
Վարդենիսի Էդ.Պողոսյանի
անվան թիվ 2 միջն.դպրոցի
փոխտնօրեն
Հոդվածը տպագրվել է Գեղարքունիք թերթի 11.03.1998թ. N 5 համարում

posted by vardenis2 in Չդասակարգված and have Մեկնաբանությունները կասեցված են ՍՈՒՐԲ ԼԻՆԻ ԱՆՈՒՆԸ ՔՈ-ում